Բենզին, նավթի վերամշակման արգասիք։ Բնորոշ հոտով, թափանցիկ, դյուրավառ հեղուկ է։ Մաքուր բենզինը հաճախ օգտագործում են ճարպաբծերի, յուղաներկերի, ստեարինի, պարաֆինի, մոմի հետքերի հեռացման, ինչպես նաև հրահանների լցավորման համար։
Անվտանգություն
Բենզինը հարկավոր է պահել ապակե լավ փակվող ամանում (ռետինե խցանը պիտանի չէ), կրակից, էլէկտրավառարաններից և ջեռուցիչ այլ սարքերից հեռու։ Բենզինից օգտվելիս արգելվում է մոտակայքում կրակ վառել։ Բռնկված բենզինը չի կարելի հանգցնել ջրով․ այն պետք է ծածկել հաստ կտորով։ Բենզինի գոլորշիներ պարունակող սենյակում տևականորեն գտնվելը վնասակար է մարդու համար, ուստի բենզին գործածելուց հետո անհրաժեշտ է սենյակը լավ օդափոխել։